Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողների նմուշառումների պատասխանը դրական է, COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Այս մասին ասված է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած պարզաբանման մեջ։
Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ»,- նշել է Տոնոյանը։
Համաձայն պարզաբանման՝ զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն և երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ:
«Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը»,- ասված է նախարարի պարզաբանման մեջ։
Նշվում է, որ զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել, զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ:
«Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Տոնոյանը։
Նախարարը հայտնում է, որ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում և նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։
«Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում: Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում»,- նշել է Դավիթ Տոնոյանը։
Նախարարը ևս անգամ ընդգծել է, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել:
«ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «սուր շնչառական հիվանդություններով», «ջրծաղիկով», «անգինայով» հիվանդացությունները նվազել են 4 անգամ, իսկ աղիքային վարակով հիվանդներ ներկայումս ԶՈՒ անձնակազմի շրջանում ընդհանրապես չկան:
«Հատկանշական է, որ վերջին տարիներին 5 անգամ նվազել է «թոքաբորբով» հիվանդացությունը, իսկ ծանր ընթացքով «թոքաբորբերի» քանակը՝ 10 անգամ, ատիպիկ ընթացքով և մահվան ելքով «թոքաբորբեր» զինված ուժերում չեն արձանագրվել:
Վստահ եմ, որ այս ճակատում ևս կհաջողենք»,- ասված է Պաշտպանության նախարարի պարզաբանման մեջ։