Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել ևս մեկ զինծառայողի մոտ։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ՊՆ խոսնակը հայտնել է, որ զինծառայողը նախապես մեկուսացված էր։
«Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել»,- գրել է ՊՆ խոսնակը։
Անդրադառնալով կառավարության արտահերթ նիստում նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ մի շարք զինծառայողներ մեկուսացումից և ինքնամեկուսացումից վերադարձել են ծառայության՝ Ստեփանյանը նշել է, որ արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները։
«ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա»,- գրել է ՊՆ խոսնակը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ Կառավարության արտահերթ նիստում նշել էր, որ կորոնավիրուսով վարակված զինծառայողներից որևէ մեկը չունի թոքաբորբ, զինծառայողները չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ, միայն մեկ զինծառայողի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն։