Արցախի ներքաղաքական կյանքը թևակոխել է բավական ակտիվ փուլ։ Քաղաքական ուժերն ակտիվորեն մրցակցում են միմյանց հետ, բայց նրանց միջև թշնամություն չկա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցը, որում նախկին նախագահը, մասնավորապես, հայտարարել է Արցախի քաղաքական դաշտի ծայրահեղ մասնատման մասին, ինչը, Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, ոչ թե ժողովրդավարության, այլ պառակտվածության նշան է և սպառնալիք է ներկայացնում Արցախի հանրապետության անվտանգության համար։
«Արցախի քաղաքական ուժերի միջև թշնամանք չկա և չպետք է լինի, չէ որ վաղը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ մենք բոլորս միասին խրամատներում ուս ուսի կանգնենք։ Ցավոք, որոշ գործիչներ սև PR են որդեգրել։ Բայց մեր կուսակցությունում կա հստակ բաժանում. Մենք քաղաքական մրցակիցներ ենք, բայց ոչ մի կերպ թշնամիներ չենք, – ընդգծել է Դավիթ Բաբայանը։
Պահպանողական կուսակցության առաջնորդի խոսքով ՝ այսօր Արցախում նկատվող քաղաքական ակտիվությունն ունի օբյեկտիվ պատճառներ, որոնցից գլխավորը 2017 թվականի սահմանադրական փոփոխություններն են:
«Այդ փոփոխությունների արդյունքում մենք մեծամասնական ընտրակարգից անցում կատարեցինք համամասնականի։ Եվ եթե նախկինում առանձին գործիչներ կարող էին իրենց թեկնածությունն առաջադրել խորհրդարանական ընտրություններում, ապա այսօր դա արդեն անհնար է։ Արդյունքում ընտրություններին մասնակցել ցանկացողները ստեղծել են իրենց կուսակցությունները, ինչն էլ հանգեցրել է հանրապետության քաղաքական կյանքի ակտիվացմանը»,- նշել է Դավիթ Բաբայանը։
Պահպանողական կուսակցության ղեկավարի խոսքով՝ Արցախին ուժեղ քաղաքական առաջնորդ է պետք։
«Արցախի նոր առաջնորդը պետք է լինի ազնիվ, պարկեշտ մարդ և, իհարկե, փորձառու քաղաքական գործիչ», – ընդգծել է Դավիթ Բաբայանը:
Բաբայանը նաև հայտնեց, որ իր կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Ինչ վերաբերում է Արցախի նախագահի ընտրություններին նրա մասնակցությանը, ապա այդ հարցը, ըստ Պահպանողական կուսակցության առաջնորդի, դեռ չի քննարկվում: