Սերգեյ Լավրովը Հայաստանում փաստացի հայտարարեց, որ չկա Նիկոլ Փաշինյանի կետ, բանակցությունների հիմքը երեք սկզբունքներն են, այն, ինչ կար մեր կառավարման շրջանում։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ առանձնացնելով Լավրովի հայաստանյան այցի կարևոր թեզերն Արցախյան խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացման համատեքստում։
Ըստ ԱԺ նախկին փոխնախագահի՝ ի տարբերություն այսօրվա ղեկավարի, պաշտոնի և քաղաքական դիրքի փոփոխությունն իր և իր կուսակցության աշխարհայացքի վրա չի ազդել. եղել և շարունակում են մնալ հայ-ռուսական հարաբերությունների ջատագով։
Ի նկատի ունենալով, որ վերջին տարիներին Հարավային Կովկասում և մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարումն ավելացել է, ըստ նրա՝ ընթացիկ գործընթացների համատեքստում չէր կարող Լավրովի այցը կարևոր չլինել։
«Սերգեյ Լավրովը Հայաստանում մի շարք կարևոր ուղերձներ հղեց։ Փաշինյանի խոսքով՝ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին, Լավրովի խոսքով՝ երեք կողմերին։ Երեք ժողովուրդներն ու երեք կողմերը տարբեր են, քանզի բանակցությունների կողմերը պետք է հասնեն ընդհանուր լուծման, ու պատասխանատուն պետք է լինեն կողմերը, կոմպրոմիսը պետք է գտնվի ղեկավարությունների միջև»,-նշեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ վարչապետը, վկայակոչելով ժողովուրդներին,պատասխանատվության սլաքն ուղղում է դեպի ժողովուրդը։
ԱԺ նախկին փոխնախագահի խոսքով՝ Արցախյան խնդրի արդար լուծման ակնկալիքների տեսանկյունից, եթե ՀՀ ու Արցախի ժողովուրդը մի բան է ակնկալում, ապա Բաքվում լրիվ այլ բան են ակնկալում։
Անդրադառնալով արդար փոխզիջում գաղափարին՝ Շարմազանովը նշեց, որ Հանրապետական կուսակցությունն իր կառավարման շրջանում տվել է շատ հստակ դիրքորոշում, այն է՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր կարգավիճակի հստակեցումը՝ պարտադիր կամարտահայտությամբ»։
«Մենք դեմք ենք «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևին, մենք գտնում ենք, որ առաջինն ու ամենագլխավորը պետք է լինի կարգավիճակի հստակեցումը, մնացած բոլոր հարցերն ածանցյալն են»,- նշեց Շարմազանովը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում դա չի տեսնում։
«Մի լղոզված բանաձև է բերվել օրակարգ՝ անվտանգություն և կարգավիճակ։ Չէ՞ որ կարգավիճակը կարող է տարբեր լինել՝ գուցե լինի կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն, ինչի մասին դեռ 1992թ-ից խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը»,-նշեց ՀՀԿ խոսնակը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Արցախի ժողովուրդը պետք է իրացնի ինքնորոշման իր իրավունքը, և դրանից հետո Արցախի ղեկավարությունը քննարկի մնացածը։
Խոսելով նախագահներից մեկի օրոք բանակցային սեղանից Արցախի դուրս մնալուն, Շարմազանովը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը բազմաթիվ անգամներ հրապարակային ներկայացրել է փաստաթղթեր, որ Արցախը բանակցություններից դուրս է մնացել դեռևս մինչև Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախագահ դառնալը, ուրեմն սլաքներն ուղղվել են Տեր-Պետրոսյանի ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Արցախի ամբողջական մասնակցությանը բանակցություններին, նա ընդգծեց, որ դա գործոն է նպատակին, այն է ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու համար։
«Արցախի ամբողջական մասնակցությունը բանակցություններին շատ կարևոր է, առանց Արցախի ղեկավարության մասնակցության անհնար է հասնել խնդրի արդար կարգավորման, բայց Արցախի վերադարձը բանակցություններին, դա գործոն է, գործիք, միջոց, բայց ոչ նպատակ։ Նպատակն Արցախի ժողովրդի պարտադիր կամարտահայտությունն է, որը կբերի Արցախի անկախության միջազգային ճանաչմանը»-ընդծեց Էդուարդ Շարմազանովը։
«Հայաստանի իշխանությունը դեռևս Արցախյան հիմնահարցում կոնկրետ հայեցակարգ չունի»,- վստահեցնում է Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ իրեն պարզ է Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցության մոտեցումները, բայց պարզ չէ ասօրվա իշխանության կարծիքը։
«Ես համամիտ եմ այն վերլուծությունների հետ, որ Փաշինյանի իշխանությունը երկու անգամ ժամանակ է խնդրել միջազգային հանրույթից կամ Ալիևից։ Արցախյան հիմնահարցում իրական հայեցակարգ ներկայացնելու համար սկզբում ՀՀ պառլամենտն իր ենթակայության տակ վերցնելու, այնուհետ Արցախում նախագահական ու պառլամենտական ընտրությունների ավարտից հետո ձեռտնու պառլամենտ ու իշխանություն ունենալու համար»,-ընդծեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀԿ խոսնակը նշեց, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների՝ հույս հայտնելով, որ Հայաստանի նոր իշխանություններն այլ մոտեցում չեն ունենա այս հարցում։
«Մեր տեսակետը հետևյալն է՝ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում: Ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվել բացառապես Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Թուրքիայի իշխանություններն են նախապայման դրել, իսկ մեզ համար որևէ նախապայման ընդունելի չէ»,-ընդգծեց նա: