«Ինձ չի թվում, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ է նկատվում»: Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր միջպետական հարցերը՝ հատկապես անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսության ոլորտներում զարգանում են հայ- ռուսական պայմանագրային դրույթների համաձայն:
«Ինչ վերաբերում է հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ դրական դինամիկա չկա, այն պատճառով, որ բիզնես էլիտան, հատկապես ռուսական, շատ զգուշավոր է վերաբերվում Հայաստանի նոր իշխանություններին։ Բանն այն է, որ նրանց շահերը այս կամ այն կերպ կապված են եղել նախորդ ղեկավարության հետ, և դա կարելի է հասկանալ։ Ինչպես ասում են՝ ամենը նորովի է, դա էլ խանգարում է, որ Սփյուռքն ավելի ակտիվ ներդրումներ կատարի Հայաստանում և տեսեք, եթե Ռուսաստանի հայկական Սփյուռքը Հայաստանում ներդրումներ չի անում, ապա ինչու պետք է խոսվի օտարերկրյա ներդրողների մասին»,-ընդգծել է Կալաշնիկովը։
Կալաշնիկովի խոսքով՝ միջպետական մակարդակում երկու երկրների շահերը համընկնում են, հարաբերությունները մնում են ամուր և բարեկամական: «Հնարավոր է, երկու երկրների ղեկավարների միջև չկա առանձնակի ջերմություն և բարեկամության, բայց այդ հարաբերությունները ձևավորվում են տարիների ընթացքում», – նշել է նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին, ապա, Կալաշնիկովի խոսքով, Ռուսաստանը զենք է մատակարարում նաև Հայաստանին, ընդ որում ՝ արտոնյալ պայմաններով: «Միայն Հայաստանը չէ, որ անհանգստանում է, Ադրբեջանը նույնպես մտահոգված է Հայաստանին ռուսական զենքի մատակարարումներով։ Ընդգծեմ, որ Ռուսաստանը Հայաստանին ապահովում է ամենաժամանակակից սպառազինությամբ, որը հաճախ չի մատակարարում այլ երկրներին», – նշել է Լեոնիդ Կալաշնիկովը։
ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հեռանկարների վերաբերյալ Armenia Today-ի թղթակցի հարցին Պետդումայի կոմիտեի ղեկավարը պատասխանել է. «ՀԱՊԿ-ում բոլոր հարցերն ընդունվում են կոնսենսուսով։ Եվ եթե Հայաստանը առարկի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը, ապա Ադրբեջանը կազմակերպության անդամ չի դառնա։ Հնարավոր է, որ նման բանակցություններ սկսվի, բայց քանի դեռ Հայաստանի դիրքորոշումը բացասական կլինի, որոշում չի կայացվի», – եզրափակել է Կալաշնիկովը։