2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է գործազրկության մակարդակի էական նվազում։ Այս մասին իր Ֆեյսբուքյան կայքէջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե 2018 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա ընթացիկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը նվազել է մինչև 207 հազար 200 մարդ՝ կրճատվելով 29 հազար 200 մարդով։
«Այս պահին մեր երկրում գործազրկությունը կազմում է 17,7 տոկոս, իսկ դա նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության ընդհանուր մակարդակը նվազել է 2,5%-ով», – վերլուծել է իրավիճակը վարչապետը։
Ընդ որում՝ վարչապետը չի ներկայացրել մանրամասները, թե արդյոք այդ ցուցանիշները ձեռք են բերվել Հայաստանի տնտեսության մեջ առկա «ստվերային» աշխատատեղերի, թե նոր աշխատատեղերի ստեղծման շնորհիվ։ Իսկ գլխավորն այն է, թե հայրենական տնտեսության որ հատվածներն են հանգեցրել գործազրկության մակարդակի նվազմանը՝ ընդգծելով այդ գործընթացում լոկոմոտիվի դերը։
Մենք մեկնաբանությունների համար դիմեցինք «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին։
Տնտեսագետի կարծիքով՝ ամենակարևոր խնդիրը, որին պետք է ուշադրություն դարձնել, վիճակագրական տվյալներն են, քանի որ այստեղ ավելի հստակ ցուցանիշներ են պահանջվում, որոնց հետ կարելի է աշխատել։ Ընդ որում, խոսքը գնում է ոչ միայն ներկայիս ցուցանիշների, այլև նախկին կառավարությունների ներկայացրած թվերի մասին։
Այս առումով բավական պարզ է թվաբանական հաշվարկներ կատարելն և հասկանալը, որ այն թվերը, որոնք այսօր հրապարակել է վարչապետը ՖԲ-ի իր էջում, չեն համընկնում այն ամենի հետ, ինչի մասին խոսվել է ավելի վաղ։
Այսպես, ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի, Հայաստանում գործազրկության մակարդակը 2018 թվականին կազմել է 20,4 տոկոս՝ 2017 թվականի 20,8 տոկոսի դիմաց: Նոր մեթոդաբանության համաձայն, որը հաշվի չի առնում տնային տնտեսությամբ զբաղվողներին, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության մակարդակը հասել է 915,5 հազարի (1,4% տարեկան աճով), իսկ գործազուրկների թիվը կազմել է 234 հազար մարդ՝ 2017 թվականի 236,5 հազար մարդու համեմատ (տարեկան 1,1 տոկոս անկում)։
Սակայն արդեն այս տարվա ապրիլի կեսերին վարչապետը ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ վերջին 10 ամիսների ընթացքում Հայաստանում ստեղծվել և «ստվերից» հանվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ, ինչը կազմում է աշխատուժի շուկայի 10 %-ը։
«Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ այդ 50 հազար աշխատատեղերը պարզապես դուրս են բերվել «ստվերից», ապա նրանք պետք է իրենց տեղը գտնեին նոր աշխատատեղերի ցուցակում, քանի որ դրանք արդեն գրանցվել են։ Եթե դա այդպես է, ապա եկեք 234 հազարից հանենք 50 հազար և ստանանք այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով ակնհայտորեն ոչ այն 207 հազար ցուցանիշը, որը մեզ հիմա ներկայացնում են», – փաստեց Թաթուլ Մանասերյանը։
Փորձագետի խոսքով՝ ամբողջ հարցն այն է, որ վարչապետին ներկայացնում են ցուցանիշներ, որոնք իրար չեն համապատասխանում։ Նման մոտեցումը, մի կողմից, հանգեցնում է նրան, որ երկրի քաղաքացիներին շատ դժվար է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում տնտեսությանում, իսկ մյուս կողմից, թույլ չի տալիս կառավարությանը ապահովել ճշգրիտ տվյալներ երկարաժամկետ կանխատեսումների համար:
«Իսկ երբ հստակություն չկա, ապա հետագա գործընթացը շատ ավելի բարդ է լինելում»,- նշում է տնտեսագետը ՝ հավելելով, որ կենտրոնի կողմից պարբերաբար իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս:
«Վարչապետի նշած 50 հազար նոր աշխատատեղերը մեզ համար նախկինի պես առեղծված են մնում։ Այդ պատճառով մենք բազմիցս դիմել ենք կառավարությանը, որպեսզի հասկանանք, թե որ ոլորտներում, որ ձեռնարկություններում են ստեղծվել այդ աշխատատեղերը։ Բայց մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել», – ասաց Թաթուլ Մանասերյանը։
Փորձագետը հավելել է, որ վերջին հաշվով գործազրկության մակարդակի նվազումը և, որպես հետևանք՝ երկրում զբաղվածների թվի աճը, պետք է արտացոլվեն նաև աշխատող բնակչության կողմից սոցիալական վճարների ծավալների ավելացման մեջ: Այս համատեքստում սոցիալական վճարների չափի ընթացիկ միտումները նույնպես պետք է ներկայացվեին բնակչությանը, որպեսզի քաղաքացիներին ավելի հասկանալի լինի, թե ինչն ինչոց է։
Ի դեպ, Հայաստանի վերջին ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներին նվիրված օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նույնպես չի անդրադարձել ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանում նոր արտադրությունների և, համապատասխանաբար, նոր աշխատատեղերի ստեղծման հարցին ։
Լիանա Սիրունյան