Հոկտեմբերին Հայաստանում կայացած ամենակարևոր իրադարձությունը WCIT 2019 համաժողովն էր: Հայաստանը դիմավորեց ու ճանապարհեց միջազգային ու տեղական հյուրերին, WCIT-ի բեմահարթակից բարձրաձայնվեցին ու քննարկվեցին 21-րդ դարին բնորոշ տարատեսակ օրակարգային հարցեր, տեղական հին ու նոր ընկերություններին էլ հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց գաղափարները, ստարտափ ծրագրերը և ինչու ոչ, գտնել նոր գործընկերներ ու ներդրողներ։
Համաժողովի տեխնիկական հովանավորն էր UCOM ընկերությունը, որի Զարգացման գծով տնօրենը WCIT-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսանյանն է։
Բազմաթիվ հյուրերի ու մասնակիցների համար բարձր որակի ինտերնետ կապ ապահովելը բարդ էր, առաջին օրերին եղան նաև խնդիրներ, ինչպես նշում է UCOM ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։
«Աշխատել ենք մոտ 2 ամիս։ Հարյուրավոր մալուխներ ենք անցկացրել ամբողջ շենքում, տեղադրվել են շատ բարձր հաճախականությամբ և նորարար տեխնոլոգիաներով ստեղծված սարքավորումներ, որպեսզի հնարավորինս լավ որակի կապ ապահովենք»։
UCOM ընկերությունը, Սաֆարյանի խոսքով, կարևոր դերակատարում ունի համաժողովի՝ Հայաստան բերելու գործում։ «Մեր ընկերությունը Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների ներդրման գործում ևս մեծ դերակատարում է ունեցել, իսկ դուք գիտեք, որ WCIT-ն Հայաստանում կազմակերպելու խթանը հանդիսացել է հենց այդ լաբորատորիաների ծրագիրը»,-մանրամասնում է Սաֆարյանն ու շեշտում, որ երկրում այս մակարդակի իրադարձություն ունենալն առանցքային նշանակություն ունի։
«Ես անձամբ մասնակցել եմ Բրազիլիայում 2016 թվականի համաժողովին. միանշանակ կարող եմ ասել՝ մեզ մոտ շատ բարձր կազմակերպվածություն կար՝ թե՛ խոսնակների և պետական մասնակցության տեսանկյունից և թե՛ նաև տեխնիկական առումով»։
Աննա Կոստանյան