Գլխավոր դատախազությունը Պետեկամուտների կոմիտե (ՊԵԿ) է ուղարկել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը, որը հարուցել էր Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։
Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության, 2007-2012թթ.-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործարարից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը, որի շինթույլտվությունը գործարարն ունեցել է:
Նյութերի նախապատրաստման հիմք է հանդիսացել «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ իրեն պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում կառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար: