«Երկու օր է՝ իմ ընտանիքի նկատմամբ ոտնձգություններ են լինում։ Ես ապրում եմ Քանաքեռի մասնավոր հատվածում, իմ տանը կպած գտնվում է Քանաքեռի հին կինթատրոնը, հիմա «ձայնագրման ստուդիա» է կոչվում։ Այնտեղ կա փոքրիկ խաղահրապարակ, երեխաներս միշտ գնում, խաղում են։ Տիրոջ որդին, ով 40 տարեկան է, պահանջում է, որ իմ երեխաները չպետք է այդտեղ խաղան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որի ընտանիքի հետ երեկ միջադեպ է տեղի ունեցել։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել են տեղեկություններ Աթանեսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման վերաբերյալ։
Ըստ Աթանեսյանի՝ իրեն պատմել են, որ վերը նշված պահանջը պայմանավորված է իր անձով։
«Էդ փաստաբանը կյանքներս կերել է»,- ըստ Աթանեսյանի՝ նման բան է ասել ձայնագրման ստուդիայի տիրոջ որդին։ Աթանեսյանը հայտնել է, որ ինքը վերը նշված անձի հետ որևէ հարաբերություն չունի։
Աթանեսյանը պատմել է, որ նշյալ անձինք քանիցս սադրանքների են դիմել, սակայն ինքը չի արձագանքել։ Նշված օրն էլ հայհոյել են և փորձել հարվածել իր 7-ամյա տղային, իսկ այնուհետև սպառնացել են կնոջը։ Դրանից հետո Աթանեսյանի ընտանիքի անդամները տուն են մտել, կինը զանգահարել է իրեն։
«Հասկացել եմ, որ սադրանք է, զանգահարել եմ ոստիկանություն, ինչքան հնարավոր է շուտ տուն եմ հասել։ «Փառք ու պատիվ մեր ոստիկաններին, համարյա ինձ հետ հավասար հասան մեր տուն։ Այս մարդիկ հարձակվեցին ինձ վրա։ Եթե չլիներ ոստիկանության միջամտությունը, ես, գուցե, հիմա ճաղերի հետևում լինեի, չգիտեմ՝ ինչով կավարտվեր այս ամենը»,- ասել է Աթանեսյանը։
Փաստաբանը երեկ Մարդու իրավունքների պաշտպանի հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ։ Այսօր նա պարզաբանել է, թե ինչու է այդպես կարծում։
«Բոլորդ կհիշեք, որ մեր գործող քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի տարի առաջ PR ակցիա էր կազմակերպել, սնունդ էր բաժանում։ Դա եղել է հենց այդ հիմնարկում»,- հիշեցրել է Տիգրան Աթանեսյանը և նշել, որ այդ հիմնարկի հետ կապված անձինք սերտ կապեր ունեն ներկայիս իշխանությունների հետ։
Աթանեսյանի համոզմամբ այս ամենում կան կազմակերպիչներ, բայց չի կարող ասել իշխանությունների կողմից են ուղղորդվում։ Նա շեշտել է, որ միջադեպի ժամանակ պարբերաբար խոսվել է իր՝ փաստաբան լինելու մասին։
Այս պահին տեղի ունեցած միջաղեպի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Պաշտպանը նշել է նաև, որ ստիպված է եղել դիմել պահնորդական ծառայություն, այժմ իր տանը շուրջօրյա պահպանություն է իրականացվում։
«Ինձ չեն ներում, որ եղել եմ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ հակառակ դիրքորոշում իր վարած քաղաքականության հետ՝ թեպետ իր գործով իմ կարծիքը մնացել է նույնը»,- ասել է Տիգրան Աթանեսյանը։