ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին «հեծանիվով վրաերթի» ենթարկելու գործով մեղադրյալ Արթուր Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Ալեքսանյանին կալանավորելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով պաշտպան Էմին Բեգլարյանին։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, թե իրեն փորձել են հեծանիվով վրաերթի ենթարկել՝ կապված իր աշխատանքային գործունեության հետ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։
Պաշտպանը նշել է, որ դատարանի որոշումն ամբողջությամբ դեռևս չի ստացել, բայց բողոքը բավարարվել է երկու հիմքով. դատարանը գտել է, որ բացակայում են հիմնավոր կասկածը և հիմքերը։
Նշենք, որ այս պահին Ալեքսանյանի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չէ։ Պաշտպանի խոսքով՝ հետագա խափանման միջոցի հարցը թողնվելու է նախաքննական մարմնի հայեցողությանը։