Քննչական կոմիտեն որոշում է կայացրել հետախուզում հայտարարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերջինիս փաստաբան Ամրամ Մակինյանը։
Ըստ փաստաբանի՝ նաև միջնորդություն է ներկայացվել դատարան ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Մակինյանը ընդգծել է, որ Հայրապետյանի գտնվելու վայրը հայտնի է, սակայն կան անհաղթահարելի խոչընդոտներ նրա՝ Հայաստան վերադառնալու համար, ինչի մասին, ըստ նրա, պաշտպանական կողմը տեղեկացրել է քննիչին:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու եւ վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերեւույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Ավելի վաղ Հայրապետյանի պաշտպանները հայտնել էին, որ մարտի 16-ից Հայրապետյանը գտնվում է արտասահմանում և չի կարող վերադառնալ` սահմանների փակման եւ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ավիահաղորդակցության դադարեցման պատճառով: