Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
«Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է մոտ 800 մլն դրամ արժողությամբ հողակտորից։ Այնուհետև Երևանի քաղաքապետը (2011-2018թթ. Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, – խմբ.) ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, 2015-ի հունվարին անցկացրել են հիշյալ հողակտորի, ըստ էության՝ ձևական աճուրդներ, որոնց արդյունքում 800 մլն դրամ արժողությամբ հողակտորը ընդհանուր 169․2 մլն դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ըստ դրա նաև՝ Հայրապետյանի գրավոր կարգադրությամբ իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված Porche Cayenne Turbo ավտոմեքենան գնվել է ֆեդերացիայի կողմից։ Դրա արդյունքում տվյալ պահին 6․5 մլն դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է գրեթե 5 անգամ ավելի թանկ արժեքով՝ 25․7 մլն-ով։ Ոստիկանությունը նշում է, որ այս գործարքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18․5 մլն դրամ։
Ավելի վաղ բավարարվել էր Հայրապետյանին ու ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները, Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։
Նա բուժման նպատակով դեռևս մարտին մեկնել է արտերկիր, իսկ հիմա չի կարողանում հայրենիք վերադառնալ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ընդհատված ավիահաղորդակցության պատճառով։