Տուժողի ներկայացուցչի դիմումի հիման վրա վերաբացվել է կարճված «Հոկտեմբերի 27»-ի գործը և ամբողջ ծավալով նախաքննություն է իրականացվում։ Այս մասին ԱԺ նիստին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձևավորվել է քննչական խումբ, ստեղծվել է դատախազական հսկողական խումբ, իմ կողմից մանրամասն գործում առկա տվյալների և հակասությունների հարթման կամ պարզման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ծավալուն հանձնարարություն է տրվել ԱԱԾ ղեկավարին։ Այս առումով մեծ տեմպով աշխատանքներ են իրականացվում այդ քրեական գործով բացահայտումներ անելու համար»։
Գլխավոր դատախազը հայտնեց, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը որևէ մասնակցություն չունի քրեական գործով. «Եթե անհրաժեշտություն լինի քրեական գործով որպես վկա հարցաքննելու պարոն Ջհանգիրյանին, ենթադրում եմ, որ կլինի այդպիսի անհրաժեշտություն, անպայման այդ տեղեկատվությունը կփորձեն ստանալ»։