Դատախազությունը հնարավորություն է տալիս բոլորիս ունենալ այն իրավական պետությունը, որը նախանշված է Սահմանադրությամբ և որը մենք ակնկալում ենք։ Այսմասին ԱԺ-ում դատախազության 2019-ի հաղորդման քննարկման ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նա նշեց, որ Դատախազության գործառույթը պետության անունից, պետության շահերից ելնելով՝ արդարադատության համակարգին օժանդակելն է, մեղադրանքը դատարանում ներկայացնելը:
Նրա խոսքով՝ հետհեղափոխական շրջանում դժվար է պաշտպանել, մաքրել իրավական համակարգը, ունենալ այնպիսի համակարգ, որը ժողովուրդն ակնկալում է:
Վարդանյանը նկատեց, որ դրա հիմքում մի շարք պատճառներ էին, բայց ամենակարևորը՝ դատական իշխանության նկատմամբ վստահության պակասն էր, և հիմա, ըստ նրա, իրենց գործառույթը պետք է լինի բարձրացնել այդ վստահությունը, պաշտպանել իրավական համակարգը, քանի որ վերջինիս գործառույթն է պաշտպանել ՀՀ քաղաքացուն:
Անդրադառնալով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքին՝ Վարդանյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի հղած 4 հարցից 2-ին տրվել է խիստ մերժողական պատասխան, 2-ի պատասխանն էլ պետք է մտահոգիչ լինի այն մարդկանց համար, որոնք այդ հարցերն ուղղել են ՄԻԵԴ:
«ՄԻԵԴ կարծիքից հետո մամուլում մի աղմուկ-աղաղակ է, թե դատարանը պետք է անի սա, պետք է անի նա: Այս մանիպուլացիաների ամենալավ պատասխանը հստակ իրավական դիրքորոշումներն են, որոնք պետք է տան թե օրենսդիրը, թե գործադիրը, թե դատախաությունը։ Չի կարելի այս աստիճան մոլորեցնել հանրությանը»,- ընդգծեց պատգամավորը՝ նշելով, որ մամուլը անընդհատ փորձում է սևացնել որոշակի գործընթացներ։