ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սույն թվականի մարտի 26-ից մայիսի 11-ը ներառյալ ստուգում է իրականացվել թվով 51 ալկոգել արտադրող տնտեսվարող սուբյեկտի մոտ: Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Տեսչական մարմնից։
Ստուգումների արդյունքում արձանագրվել են հետևյալ արդյունքները.
- 1 տնտեսվարող սուբյեկտի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, 50 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է եղել հայտարարագիր)։
- Բոլոր տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի վրա առկա է եղել համապատասխան մակնշում։ Միայն 4 տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են խախտումներ՝ մակնշման մեջ զետեղված սպիրտի ցուցանիշը չի համապատասխանել լաբորատոր փորձարկման արդյունքներին:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկություններ է հաղորդել նաև ստուգումների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո տնտեսվարողների կողմից կատարված խախտումների արձանագրման դինամիկայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի նոյեմբերի 19-ին «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, որով Տեսչական մարմնի կողմից ստուգումներն իրականացվում են առանց տնտեսվարողնորին նախապես՝ եռօրյա ժամկետում ծանուցման։
Նշվում է, որ այս փոփոխությունից հետո տնտեսվարողների կողմից խախտումների թիվը նվազել է, իսկ բացահայտումների թիվը՝ աճել:
Այսպես՝
- 2020 թվականի առաջին եռամսյակում 11 ԱԳԼՃԿ-ներում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ճնշման գերազանցման 5 և ճնշակայանների ստուգաչափված չլինելու 4 դեպք:
- Հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայաններում իրականացված 11 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է գազաբաշխիչ աշտարակների ճկափողերի ստուգաչափված չլինելու 5 և ստուգաչափման դրոշմի բացակայության 1 դեպք:
- Նավթամթերքի լցակայաններում իրականացված 10 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թույլատրելի սահմանաչափերի խախտման 7 դեպք:
«Օրենսդրական փոփոխության արդյունավետությունն առավել տեսանելի կլինի 2020 թվականի առաջին կիսամյակային հաշվետվությունում»,-հայտնում են Տեսչական մարմնից։