«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը վերսկսելու նիստի օր նշանակելու համար․ որոշում է կայացվել դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։
Տեղեկատվությունը ճշտելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանի հետ։
Վարդևանյանը նշեց, որ Սահմանադրական դատարանում տարիներ ի վեր երկուշաբթի օրերին աշխատակարգային նիստ է տեղի ունենում․ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթը կասեցվել էր աշխատակարգային նիստի ընթացքում, որի համար հիմք էր հանդիսացել ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիքներ ստանալը։
«Անցյալ շաբաթ արդեն կարծիքները հրապարակվել են, հասանելի են, հետևաբար առավել քան հավանական է՝ ՍԴ աշխատակարգային նիստի հերթական օրը քննարկվեր այս հարցը, նույնիսկ ավելին՝ Սահմանադրական դատարանը պարտավոր է այն քննության առարկա դարձնել»,- ասաց Վարդևանյանը՝ խորհուրդ տալով սպասել ՍԴ պաշտոնական հրապարակմանը Քոչարյանի գործի քննության օրվա նշանակման վերաբերյալ։
Քոչարյանի պաշտպանն ընդգծեց, որ ՄԻԵԴ-ից ու Վենետիկի հանձնաժողովից ստացված խորհրդատվական կարծիքներն ամրապնդել են իրենց այն դիրքորոշումը, որ տևական ժամանակ ներկայացրել են, և որը ներկայացրել են նաև ՍԴ-ին հասցեագրված դիմումում, որ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածն ակնհայտ հակասահմանադրական է՝ ելնելով որոշակիության, համաչափության, ինչպես նաև հետադարձ ուժի հետ կապված ներպետական պրակտիկայից ՀՀ-ում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որը վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիությանը։ Այդ հարցով Սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։ Երկու կառույցների խորհրդատվական կարծիքներն էլ արդեն ստացվել են։