«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով իր սահմանադրական լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։
«Այսօր ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ Հոդվածին, որով ուղղակիորեն նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պիտի ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»,-նշված է հայտարարության մեջ։
ԲՀԿ խմբակցությունը դիմում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության իր գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը՝ «երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար»։