ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ն. Պ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Շիրակի բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը 2019-2020 թվականների ընթացքում հայտնաբերել է Շիրակի մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց, սակայն չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, փոխարենը՝ չտուգանելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար վերոհիշյալ քաղաքացիներից, յուրաքանչյուր ամիս պահանջել է 20,000-100,000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Վերոգրյալից բացի, Ն.Պ.-ն, իր սպասարկած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող մի շարք ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու համար պահանջել և մինչև 2020 թվականի հունիսի 26-ը մի շարք տնտեսվարողներից յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100,000-ական ՀՀ դրամ գումարներ:
2020 թվականի հունիսի 26-ին, հերթական անգամ, պահանջած կաշառքի գումարը՝ 100,000 ՀՀ դրամը ստանալու պահին, Ն.Պ.-ն հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որի ընթացքում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Պ.-ն ձերբակալվել է։
2020թ. հունիսի 28-ին, պաշտոնատար անձին կաշառք տալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով 8 անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից 2-ը ձերբակալվել են, իսկ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: