ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով փոփոխություններ են կատարվելու արտակարգ իրավիճակի հիմքով սահմանված կանոնները՝ դիմակ կրելու վերաբերյալ խախտումների համար: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում առկա համապատասխան օրինագծից։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոններից ամենահաճախ խախտվում է դիմակների կրումը հանրային բաց տարածքներում, ինչպես նաև բնակելի տարածքներից դուրս փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում, աշխատավայրում:
Ըստ նածագծի՝
- արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով:
- արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:
Մյուս փոփոխությամբ այս խախտումները կրկին կատարելն առաջացնում է տուգանքների կրկնապատիկի չափով տուգանում։
Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: