Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը. ըստ իշխանության տեսլականի` դա տուգանքն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։
«Հիշեցնեմ ձեզ, որ, ըստ իշխանության տեսակետի, կորոնավիրուսի տարածման և հետևաբար հիվանդների աննախադեպ աճի և մահերի մեղավորը ոչ թե իշխանությունն է` իր` հիվանդության դեմ պայքարի անարդյունավետությամբ, այլ շարքային «հպարտ քաղաքացին»: Համենայն դեպս, դա է պնդում առավոտից երեկո իշխանական քարոզչամեքենան»,-գրել է նա։
«Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե ինչ խառն են «վերևներում»»․-հետգրության մեջ գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով փոփոխություններ են կատարվելու արտակարգ իրավիճակի հիմքով սահմանված կանոնները՝ դիմակ կրելու վերաբերյալ խախումների համար:
Ըստ նախագծի՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով: Իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով: