Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում տեղի է ունեցել արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն էր:
«Պետք է խնդրեմ ավելի ուշադիր լինել այս ամբիոնից հնչեցվող խոսքի նկատմամբ և ամբողջ իմաստով ու բովանդակությամբ հասկանալ: Ես երևի իմ միտքը լավ չեմ արտահայտել, կամ ինձ իրապես չեն լսել»,- հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով Էդմոն Մարուքյանի և Միքայել Մելքումյանի ելույթներին:
Անդրադառնալով ԲՀԿ նախագծին` նա ասաց, որ դա կնշանակի հանել բոլոր տեսակի արգելքները` կապված ծնունդների, կնունքների, հարսանիքների հետ. «Մենք ուզում ենք օր առաջ բոլոր սահմանափակումները հանել, բայց կարծում եմ` այս իրավիճակում այս առաջարկը քննարկել չարժե»:
Նա հայտարարեց, որ ՀՀ կառավարության գործողությունները, իհարկե, իդեալական չեն, բայց իրենք եղել են թափանցիկ, թեստավորան առումով կարողությունները տասնապատկել են: «Կարծում եմ, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում՝ հնարավորինս շատ թեստեր անել և շատ դեպքեր ապահովել: Եթե դա չանեինք, ցուցանիշները բարձր չէին լինի: Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները»,- ասաց պարետը:
Նա նաև վստահեցրեց, որ որևէ քննությունից չեն խուսափում, եթե դրա կարիքը լինի: «Կհասկանանք՝ ինչ հարցերի շուրջ է լինելու այդ քննությունը, պարետատունը փորձում է բոլոր հարցերին պատասխանել, որ հարցեր չառաջանան»,- ընդգծեց Ավինյանը՝ հավելելով, որ ավելի խիստ միջոցներ են ձեռնարկելու, որպեսզի կարողանան խոսել բնականոն կյանքին վերադառնալու մասին: