Իմ կարծիքով՝ ընդդիմությունը հասարակությանը փորձում է ցույց տալ, թե իբր իրենք պատրաստ են հուժկու հավաքներ կազմակերպել, և ահա արտակարգ դրությունն իրենց խանգարում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հավաքների իրավունքի սահմանափակումները հանելու վերաբերյալ ընդդիմադիրների առաջարկին:
«Բնականաբար դա կեղծ օրակարգ է, իրենք նման հնարավորություններ չունեն, պարզապես հիմա իրենց համար հարմար առիթ է այդ հարցը անընդհատ բարձրացնելու և արձանագրելու, թե իբր իշխանություններն իրենց թույլ չեն տալիս այդ հուժկու հավաքները կազմակերպել:
Ինչ վերաբերում է իրավաչափությանը, ապա Սահմանադրության շատ հպանցիկ ուսումնասիրությունը կվկայի, որ առողջության պաշտպանությունը հավաքների սահմանափակման հիմք կարող է լինել: Այսինքն՝ սա ամբողջությամբ իրավաչափ նպատակի համար է: Հենց այնպիսի իրավիճակ լինի, որ հավաքների ազատությունը էապես չվտանգի հանրային առողջության անվտանգությունը, կառավարությունը նման որոշում կկայացնի»,-ընդգծել է նա: