ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա, սակայն, չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետևանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետևյալը.
ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա, սակայն, չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։
ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու և պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»,- գրել է Գևորգյանը։
Հիշեցնենք՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր, որ ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։