Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):
Այս մասին տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Գասպարյանը մտադիր է դատի տալ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացու բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության սահմանադրական իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Ռադիոկայանի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին։ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրել է, որ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է ռադիոկայանի լրագրողների աշխատանքին, որոնք ռեպորտաժ էին պատրաստում Սևանա լճի ափին գտնվող ապօրինի մասնավոր տների և այլ կառույցների մասին: