ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կուժեղացվեն հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ։
Ըստ Ավինյանի՝ քաղաքացիների դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են.
• գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը,
• անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, ստանդարտին չհամապատասխանող երաժշտական համակարգերի օգտագործումը:
Փոխվարչապետը նշել է, որ հաշվի առնելով, որ վերոնշյալ ոլորտներում հիմնականում կան օրենսդրական կարգավորումներ, այսօր համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է.
• ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ,
• քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ,
• բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ: