Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որպես վկա պետք է գա դատարան, երբ գա, իրեն անակնկալ հարցեր են սպասվում։ Այս մասին այսօր՝ դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում նշել է պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանը։
Խոսելով դատական նիստին ուսումնասիրված գործով առկա փաստաթղթերի, ինչպես նաև նամակագրության մասին՝ Սանասարյանն ասել է, որ փորձել են իր հետ կապված ինչ-որ բաներ անել, սակայն չեն կարողացել․ «Արսեն Թորոսյանը ինձ տեղյակ է պահել՝ հարցնելով, որ քո աշխատողները սենց բանի մեջ կան․ ես ճշտել եմ, ասել եմ՝ չկան։ Ես այդ ժամանակ դիալեզի ոլորտի մասնագետ չէի, հիմա այնքան եմ ուսումնասիրել, որ ինքս կարող եմ ստուգել այդ հարցերը»։
Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ հարուցելուն՝ Սանասարյանը նշել է. «Սրա մասին ես վաղուց ասել եմ, ասել եմ, որ սա անընդունելի է։ Եթե լիազորություններս դադարեցված չլինեին, իմ աշխատակիցներին կհանձնարարեի, չէի թողնի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուսումնասիրել և տեսնել՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը նախարար, և առանց մրցույթ հայտարարելու, մոտ 170 միլիոնի գործարք է կնքում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է. սա թող համապատասխան մարմինները պարզեն, այստեղ դատախազությունն անելիք ունի, ԱԱԾ-ն անելիք ունի, թե ոչ, թող իրենք որոշեն»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաև ՊՎԾ ևս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։