Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ հիվանդությունների ավելացման և վատթարացման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգը, բացի հիվանդությունները կոնսերվացնելուց, ի զորու չէ այլևս հիվանդին բուժել։ Այս մասին հայտարարություն է տարածել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Որպես ապացույց Գրիգորյանը մատնանշել է հիվանդի բժշկական վերջին էպիկրիզը։ «Եթե հիվանդի՝ արդեն քառասունի հասնող հիվանդություններն առանձին վերցրած Հայաստանում հնարավոր է արդյունավետ բուժել, ապա այդ բոլոր հիվանդությունները, որոնք առաջացել են արդյունավետ բուժում չստանալու արդյունքում, մեկ մարդու օրգանիզմում համալիր բուժելը Հայաստանի բուժհիմնարկներում անհնարին է, որի արդյունքում էլ, ըստ բժշկական էպիկրիզների և բժիշկների, հիվանդություններն ավելանում ու վատթարանում են»,-նշել է նա։
Ըստ Բաղդասարյանի՝ առողջապահության նախարարը, որպես մասնագիտացված առողջապահական պետական լիազոր մարմնի ղեկավար, դա լավ գիտակցելով, ցույց է տալիս անտարբերություն, իսկ Գրիգորյանի գործով դատավորը, տիրապետելով այդ փաստերին, ցույց է տալիս անգործություն։
«Սոցիալական պետություն կոչվող երկրում արգելել ծանր հիվանդին իր մերձավորների միջոցների հաշվին իր նախընտրած կլինիկայում բուժվել, միաժամանակ ընդունելով, որ հիվանդությունները վատթարանում ու ավելանում են, պետական մակարդակով դաժան վերաբերմունք է, խոշտանգում է: Իսկ դատավորի կողմից ծանր հիվանդություններով պայմանավորված դատական նիստերը հետաձգելով, չթույլատրելով հիվանդին արդյունավետ բուժում ստանալ, դատապարտելով հիվանդին առանց դատ ու դատաստանի դանդաղ մահվան՝ վատ նախադեպ հանդիսացող դատական իշխանության գործառույթ է, որը վաղը յուրաքանչյուրը կարող է զգալ իր մաշկի վրա»,-գրել է Բաղդասարյանը։