Էդգար Շաթիրյանը դեռևս թեկնածու չէ, նրա թեկնածությունը դիտարկվում է, բայց նա դեռ կառավարության թեկնածուն չէ։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ հանդիպումից հետո ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Պարոն Շաթիրյանին նախկինում առիթ ունեցել ենք առանձին հարցեր ուղղելու, կրկնվող հարցեր չենք ունեցել, քանի որ պարոն Շաթիրյանի տեսակետը մեզ հայտնի է եղել։ Հնչեցրել ենք հարցեր, որոնք առնչվում են արդեն նոր կառույցի հնարավոր կարգավիճակին։ Որպես հնարավոր թեկնածու մեզ բոլոր հուզող հարցերը ուղղել ենք։ Ինչ վերաբերում է թեկնածությունը պաշտոնապես ներկայացնելուն, ապա դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում, այնուհետև գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- նշել է Մակունցը։
Ըստ Մակունցի՝ անդրադարձ է եղել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նրա պաշտոնավարումից հրաժարվելուն։ Հարցին, թե մտավախություններ չունե՞ն, որ նա այս անգամ էլ կորոշի հրաժարվել ՍԴ դատավորի պաշտոնից՝ Մակունցն ասել է, որ եթե Շաթիրյանն առաջադրվի, ապա իրենք առիթ կունենա այդ մասին հրապարակային հարցադրումներ ուղղել և պատասխաններ ստանալ։
Հարցին, թե կառավարության կողմից այլ թեկնածուներ դիտարկվում են, թե ոչ՝ Մակունցը պատասխանել է, որ դիտարկվում են մի քանի թեկնածուներ, որոնցից մեկը նաև պարոն Շաթիրյանն է։
Լիլիթ Մակունցը անդրադառնալով Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման մասին քննարկումներին, նշեց. «Գիտենք, որ սահմանադրական փոփոխությունները քննարկվում են, հնչում են տարբեր տեսակետներ՝ նաև բավականին տրամաբանական մոտեցումներ, այդ թվում Վճռաբեկ դատարանի կրկնվող գործառույթների և տեղ-տեղ ՍԴ-ին հակասող գործողությունների վերաբերյալ։ Տրամաբանական է, որ այդ հարցերը քննարկվում են։ Աշխատանքային խմբի դիրքորոշումը քննարկումից հետո պարզ կլինի, խմբակցությունն էլ կարծիքը կհայտնի»։