Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրման հնարավարությունը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում իր առաջադրման հնարավարությունը։
Հիշեցնենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ եղել է կարճ հարցուպատասխան, իսկ Կառավարության կողմից պաշտոնական առաջադրումից հետո, եթե անհրաժեշտություն առաջանա՝ հնարավոր է, որ կրկին հանդիպում տեղի ունենա։
Հանդիպման վերաբերյալ Շաթիրյանը նշեց, որ եղել է արդեն ավանդական դարձած քննարկում, ինչպես մյուս թեկնածուների հետ։ «Իմ պարագայում քննարկումը եղել է որպես հնարավոր թեկնածու, քանի որ այս պահին ես կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված չեմ, զուգահեռաբար չեմ բացառում, որ քննարկվում են այլ թեկնածություններ»,-նշեց նա։
Ըստ Շաթիրյանի՝ ընդհանուր առմամբ բաց և անկեղծ հարցուպատասխան է եղել։ «Պատասխանեցի հարցերին, մնացյալն արդեն առաջադրելու իրավունք ունեցող սուբյեկտի իրավասության տիրույթում է»,-եզրափակեց նա։