ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել:
Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:
Նշվում է, որ հայցի պատճառն այն է, որ մարտի 10-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով գտնվում էր հիվանդանոցում և չէր կարող ներկայանալ Մարտի 1-ի գործով նիստին, դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստի ընթացքում առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ: