ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանը։
Սահակյանը նշեց, որ դեռևս դատական նիստ նշանակված չէ:
«Մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի վերաբերմուքը միանշանակ է՝ այն անհիմն է և արժանանալու է նույն ճակատագրին, ինչին որ արժանացավ պարոն Լոռեցյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը վերաբերող նախկին մեղադրանքը: Մեղադրանքի մերկապարանոց լինելու մասին է խոսում նաև նախաքննական մարմնի գործելաոճը: Խոսքը վերաբերում է նրան, որ ի տարբերություն մյուս մեղադրյալների, պարոն Լոռեցյանին չընձեռվեց բավականաչափ ժամանակ գործի նյութերին ծանոթանալու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդություններ կատարելու համար, ինչը հավասարության և մրցակցության սկզբունքների կոպիտ խախտում է: Նախաքննական մարմինը նույնիսկ խուսափեց հարցաքննել պարոն Լոռեցյանին այն դեպքում, երբ նյութերը ստանալուց անմիջապես հետո մենք հանդես ենք եկել ցուցմունք տալու պատրաստակամությամբ ու միջնորդել ենք, որպեսզի հարցաքննվի պարոն Լոռեցյանը: Պաշտպանական կողմը ըմբռնումով ու ժպիտով է նայում մեղադրական կողմի նման վարքագծին և անհամբեր սպասում է դատարանում գործի քննությանը»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։