ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէր՝ առողջական վիճակի վատացման պատճառով։
Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին բժշկական փաստաթուղթ ներկայացրեց՝ նշելով, որ այն ստուգվել է համապատասխան բժշկի կողմից և արձանագրվել է սուր շնչառական վարակ․ երրորդ նախագահը բժշկական հաստատությունում չի գտնվում։
Դատարանի հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի առողջական վիճակում այսօր դրական տեղաշարժ եղել է, Մակինյանն ասաց, որ իր վերջին տեղեկություններով վիճակը նույնն է։
Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը փաստաթղթին ծանոթանալուց հետո կարծիք հայտնեց, որ ողջամտորեն հիմքեր կան ենթադրելու՝ ամբաստանյալն այսօր հնարավորություն ուներ ներկայանալու դատական նիստին:
«Բժշկական փաստաթղթի բովանդակությունից պարզ չէ, թե ներկա պահին Սերժ Սարգսյանն օբյեկտիվորեն զրկվա՞ծ է եղել դատական նիստին մասնակցելուց, թե՞ ոչ։ Այստեղ նշվում է, որ ջերմաստիճանի բարձրացում է եղել և կանչ է գրանցվել, հիմա ջերմաստիճանն իջե՞լ է, թե՞ նորից բարձր է»,- ասաց Մարտիրոսյանը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 22-ը:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ՝ Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։