ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը վերամակագրվել է երրորդ դատավորին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Ըստ նրա՝ երկու շաբաթ առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն դատախազությունը հետ էր վերցրել ներկայացված միջնորդությունը։
«Դրանից հետո իրավապահ մարմինները, չկատարելով որևէ քննչական գործողություն, սպասել էին, մինչ անցնի երկու շաբաթ, և նորից մուտք էին արել պարոն Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը»,- հայտնել է Մակինյանը։
Նա նշել է, որ սկզբում գործը մակագրվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ում կողմից երեկ նշանակված նիստն անհասկանալի պատճառով չկայացավ։ Իսկ այսօր՝ ժամը 17:00-ին, հայտնի դարձավ, որ նշված միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։