Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է անտառային տնտեսություններից մեկում կոռուպցիայի և ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտման մասին: Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տվյալներ են ստացվել, որ «Սևքար» անտառտնտեսության անտառապետ Վ. Փ-ն ապօրինի ծառահատում է կազմակերպել: Մասնավորապես՝ իր կողմից դրսևորած ակնհայտ ապօրինի գործողության և ակնհայտ ապօրինի անգործության համար Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի մի շարք քաղաքացիների կողմից կատարված ապօրինի ծառահատումների դիմաց նրանցից որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Բացի այդ, Վ. Փ – ն պայմանավորվել է իրեն ենթակա անտառապահների հետ և թույլ է տվել մի շարք անձանց ապօրինի ծառահատում իրականացնել անտառային տնտեսությունում: ԱԱԾ քննչական վարչությունում այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Քայլեր են ձեռնարկվում հանցավոր սխեմաներում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ. ասվում է հատուկ ծառայության հաղորդագրության մեջ: