Հայաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ տնօրենին, տեղեկացնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ կենտրոնի նախկին տնօրենը (ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2001-ից մինչև 2018-ի մայիսը), 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝ 26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից պատճառված վնասը վերականգնվել է: