Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվեց։
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը չի ներկայացել նիստին։
Մամուլում երեկ լուրեր շրջանառվեցին, որ պաշտպանական կողմը դատական նիստի վերաբերյալ ծանուցում չի ստացել, հավանաբար, այս պատճառով նիստին ներկա չեն եղել։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ միջնորդությունը մերժվեց։
Այս որոշումը վերաքննիչը էին բողոքարկել երկու կողմերն էլ․ դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին անտյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, որոնցից մեկն էլ այն էր, թե գործը պետք է ՀՔԾ-ում քննվեր։
Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը և ուղարկել նոր քննության։
Հիշեցնենք նաև, որ իսկ հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկություններով, համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։