Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված չեն եղել դատական նիստի տեղի և ժամանակի մասին, ուստի հարգելի պատճառներով չեն ներկայացել դրան։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երեկ, ժամը 11։00-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը, որը սակայն հետաձգվել է դատական նիստին Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալու պատճառով։
Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ձեւով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին:
Ընդգծենք, որ Գագիկ Ծառուկյանը եւ նրա պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված չեն եղել դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, ուստի հարգելի պատճառներով չեն ներկայացել դրան։
Չնայած որ նույն օրը ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, թե իբրև Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները ծանուցված են եղել դատական նիստի տեղի և ժամանակի վերաբերյալ, սակայն պետք է ընդգծել, որ նշված հաղորդագրութամբ ԲԴԽ-ն իրավացիորեն խուսափել է այդ ենթադրյալ ծանուցումները որպես պատշաճ գնահատելուց։
Ընդ որում, հարկ ենք համարում հատուկ նշել, որ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը:
Քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է ազատության մեջ, ուստի վերը նշվածն ուղիղ նշանակում է, որ եթե նա եւ պաշտպանները պատշաճ կարգով ծանուցված լինեին դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, ապա դա խոչընդոտ չէր առանց վերջիններիս դատական նիստը շարունակելու համար։
Դժվար է պատկերացնել, որ պատշաճ ծանուցման առկայության դեպքում դատարանը և մյուս շահագրգիռ պետական մարմինները չէին օգտվի դատական նիստը Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների բացակայությամբ իրականացնելու և նրա վերաբերյալ արագ կարգով կալանավորման որոշում կայացնելու այս հնարավորությունից, առավել ևս, եթե ներկայացնենք պաշտպանության կողմի տրամադրության տակ եղած այն ապացույցները, որոնք ապացուցում են, որ մի շարք պետական մամիններ/պաշտոնատար անձինք/ վերաքննիչ դատարանի որոշումից հետո ակնհայտ կասկածելի և պրակտիկայից տարբերվող ջանասիրություն են ցուցաբերել, որպեսզի սույն միջնրդությունը հնարավորինս արագ կրկին քննվի առաջին ատյանի դատարանում և այն էլ իրենց նախընտրած դատավորի կողմից։
Վերջում ցանկանում ենք նշել, որ զանգվածային լրատվության միջոցներից տեղեկացել ենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, ուստի արդեն իսկ տեղյակ լինելով դրա տեղի և ժամանակի վերաբերյալ, նշված օրը ներկայանալու ենք դատարան և օրենքով սահմանված կարգով իրացնելու ենք պաշտպանության իրավունքը»։
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը չկայացավ։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ միջնորդությունը մերժվեց։ Այս որոշումը վերաքննիչը էին բողոքարկել երկու կողմերն էլ․ դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին անտյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, որոնցից մեկն էլ այն էր, թե գործը պետք է ՀՔԾ-ում քննվեր։
Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը և ուղարկել նոր քննության։ Հիշեցնենք նաև, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։