ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ գործը քննող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ են հայտնել․դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Փաստաբանի փոխանցմամբ՝ որոշումը կհրապարակվի 13։30-ին։
«Երբ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ գործն ուղարկի առաջին ատյանի դատարան, բողոքները ներկայացնելուց հետո հավաստի տեղեկություններ են ստացվել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջամտություններով որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս արագ մերժվեն, մերժվելն էլ պետք է այնպես լիներ, որպեսզի ժամկետները համապատասխանեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի հերթապահությանը: Որոշված է եղել գործը մուտքագրել հենց այնպիսի օր, որպեսզի մակագրվի Մնացական Մարտիրոսյանին: Գործը հստակ հանձնարարվել է Մնացական Մարտիրոսյանին», – մանրամասնեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք բաժանելու համար։