ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը թեև չի մասնակցելու նախագահի ընտրության համար հրավիրված աշխատակարգային նիստին, սակայն այսօր ևս եկել է դատարան։ Նա այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց, որ չի մասնակցելու ոչ նիստին, ոչ քվեարկությանը։
«Իմ ունեցած չճշտված տեղեկություններով՝ երեկվա իմ հայտարարությունից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել, սակայն որ սցենարով էլ գնան՝ ինձ համար միևնույն է»,- ասաց նա՝ հրաժարվելով հստակեցնել, թե ովքեր են քննարկողները։
Հարցին, թե այլ սցենար ասելով նկատի ունի նոր առաջադրումները՝ նա դրական պատասխան տվեց։ «Ցանկացած դեպքում՝ ես չեմ մասնակցելու։ Երբ ես կհասկանամ, որ զրո քաղաքական ազդեցություն կա, որևէ պայմանավորվածություն չկա, Սահմանադրական դատարանն ինքնուրույն է այդ ամբողջն անում՝ բնականաբար, կշարունակեմ մասնակցել»։
Դիտարկմանը, թե այլ սցենարի մեջ մտնո՞ւմ է Խունդկարյանի ինքնաբացարկը՝ նա կրկնեց, որ սցենարի մեջ մտնում են այլ թեկնածուների առկայությունը։ «Ինքնին, մեկ թեկնածուի առկայությունը լավ բան չէ, կարող էր լինել մեկ թեկնածու, եթե բոլորը համաձայն լինեին այդ թեկնածուի հետ, իսկ մեկ թեկնածուն ինչ-որ բաների մասին է խոսում։ Երբ 3 դատավորները նոր են, մյուսների մոտ էլ թեկնածու չկա՝ սա նշանակում է, որ մրցակցություն չկա։ Ուղղորդվածությունը պայմանավորված է նաև այս հանգամանքով»։
Նա նշեց, որ ամեն ինչ հնարավոր է համարում, այդ թվում՝ որ առաջադրված թեկնածուն չհավաքի անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ Եթե թեկնածուն չընտրվի՝ ապա կլինեն նոր ընտրություններ՝ ոչ շուտ քան 10, ոչ ուշ քան 30 օր անց։
Անդրադառնալով իր ուղղորդված լինելուն՝ նա նշեց, որ իր պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել է ու քաղաքական պրոցեսները չի մեկնաբանում։
«Երբ ընտրում է պառլամենտը, քաղաքական մեծամասնությունը, սա, բնականաբար, քաղաքական պրոցես է և կարող էր լինել քաղաքական որոշում. սա այլ բան է, իրենց իրավասությունն է՝ այդպես որոշելու։ Սակայն, երբ որոշում է ՍԴ-ն, իսկ դրսից ցանկացած ուժ փորձում է ազդել, սա բոլորովին այլ պրոցես է, որոնք պետք է իրարից տարանջատել։ Եթե ուզում եք ասել, որ ինձ ընտրելը եղել է քաղաքական որոշում՝ միգուցե, ես ոչ կարող եմ հաստատել, ոչ կարող եմ ժխտել, գուցե իմ քաղաքական գործունեությունն են հաշվի առել կամ մասնագիտական, բայց քաղաքական մեծամասնությունը որոշել է, այո, բնական է, երբ խորհրդարանն է ընտրել, դա քաղաքական որոշում է, դա ոչ ոք չի թաքցրել, այսօր էլ քաղաքական մեծամասնությունն է հայտարարել, որ քաղաքական որոշում էր, որ չընտրեց Վաղարշյանին, չընտրեց Հովհաննիսյանին, ասացին, որ քաղաքական որոշում է, դա նորմալ է, իսկ հիմա խոսքն այստեղի մասին է, այստեղ է քաղաքական ուժը փորձում ազդել, փորձում որոշել ՍԴ-ի փոխարեն»։
Նա ընդգծեց, որ իր՝ ՍԴ նախագահ ընտրվելը որևէ մեկը չի վիճարկել չկա նման ակտ, որ երբ ինքն ընտրվել է ՍԴ նախագահ՝ այն ժամանակ, նաև հիմա չկա որևէ օրենսդրական ակտ, որը նախատեսում է ՍԴ նախագահին պաշտոնանկ անել կամ իմպիչմենտ։ «ՍԴ նախագահը՝ ՍԴ-ի «դիրեկտորը» չի, այլ մեկն է ՍԴ դատավորներից, ուշադրություն դարձրեք՝ նա չի ղեկավարում, այլ ապահովում է բնականոն գործունեությունը, սրանք տարբեր բաներ են ու նրա ազդեցությունն էլ զրո է։ Ես չեմ օգտվել ամառանոցում մնալու իմ իրավունքից, չունեմ թիկնազոր, ծառայողական մեքենայից օգտվել եմ ամիս առաջ, հետևաբար, չի կարելի ասել, որ կառչած եմ այդ ամենից։ Սա նշանակում է, հետևաբար, եթե ես հրաժարական եմ տալիս, ապա էլի քաղաքական ազդեցությամբ է լինելու»,-ասաց նա։