«Հրապարակ» օրաթերթ.
«Իշխանությունը «քցե՞ց Խունդկարյանին»
«Եռօրյա քննարկումներից հետո ՍԴ-ում այդպես էլ չկարողացան նախագահ ընտրել։ Միակ թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին փակ քվեարկությամբ 2 կողմ ձայն է գրանցվել, 3՝ դեմ։ Քվեարկությանը չեն մասնակցել Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան, ինչպես նաև Հրայր Թովմասյան-Արևիկ Պետրոսյան զույգերը։ Փաստորեն, իշխանությունը սկզբում Խունդկարյանին խոստանում է ՍԴ նախագահի պաշտոնը, հետո «քցում» նրան»,-գրել է թերթը։
Ըստ թերթի՝ պատահական չէ, որ Հրայր Թովմասյանի կողմից առաջադրված Աշոտ Խաչատրյանը հրաժարվեց պայքարից, որպեսզի իշխանությունը Խունդկարյանին համոզի, որ ամեն ինչ արեցին իր ընտրության համար։ «Ինչ զարգացումներ կհաջորդեն տապալված ընտրություններին, դժվար է կանխատեսել, մի բան հստակ է, որ թե՛ հների, թե՛ նորերի շահերն այս հարցում համընկնում են, որ Խունդկարյանը չդառնա ՍԴ նախագահ։ Ի դեպ, ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել՝ ոչ մեկը չկարողանա համապատասխան ձայներ ստանալ, և դատարանը պարալիզացվի»,-գրել է թերթը։
ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կտուգանվեն
«Քաղպայմանագրի» հերթական ընդլայնված նիստի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, թերթի տեղեկություններով, հերթական սկանդալային առաջարկն է ներկայացրել կառավարությանը՝ սահմանել տուգանք բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գնումներ կատարելիս կամ ծառայություններից օգտվելից ՀԴՄ կտրոններ չեն վերցնի։ Պատգամավորն ասել է՝ միայն այդպես է հնարավոր պայքարել ստվերի դեմ և բյուջեն լցնել ու տնտեսական հավասարություն ստեղծել։
Թերթի հետ զրույցում Աղազարյանը հաստատել է, որ նման առաջարկ է արել։ Ինչո՞ւ։ «Որովհետև քաղաքացին ինքն է առաջին հերթին շահելու դրանից և, ուրեմն, պիտի շահագրգիռ լինի, որ ՀԴՄ կտրոն տան իրեն։ Եվ հետո՝ եթե քաղաքացին առևտուր է անում, բայց չի վերցնում ՀԴՄ կտրոնը, նշանակում է՝ ինքը նույնքան իրավախախտ է, որքան տվյալ խանութի տերը։ Իսկ եթե քաղաքացին պահանջատեր լինի այդ հարցում, սա ոչ միայն ֆինանսական խնդիր է լուծելու, այլև տնտեսության դաշտում իրավական և ֆինանսական հավասարության ամրապնդման հարցում հսկայական նշանակություն կունենա, որովհետև, եթե դու ՀԴՄ չես տպում, իսկ ես տպում եմ, ուրեմն մենք անհավասար դաշտում ենք, իսկ դա բացասական հետևանքների է բերում»։ Թե ինչպես են վերահսկելու և պատժելու օրինախախտ քաղաքացիներին, դրա պատասխանն էլ կա։ «Եթե քաղաքացին իմանա, որ 10 անգամից կամ 100 անգամից մեկ անգամը բռնվելու է, ապա ինչո՞ւ պիտի անընդհատ նման անհանգստության մեջ ապրի՝ ամեն անգամ կվերցնի»,- վստահ է պատգամավորը։
«Ժողովուրդ» օրաթերթ
Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են
«Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է, կրճատվել են ինչպես գործարքները, այնպես էլ նվազել են գները։ Այս տարվա օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով։ Մեկ ամսում վաճառվել է ընդհանուր առմամբ 1150 բնակարան, ինչը 439-ով պակաս է նախորդ տարվանից։ Գործարքները նվազել են նաև նախորդ ամսվա համեմատ, ինչը շատ ավելի վատ միտում է»,-գրում է թերթը։
Նշվում է, որ օգոստոսին Հայաստանում ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան հուլիսին։ Գործարքները կրճատվել են գրեթե 7 տոկոսով։ «Եթե հուլիսին, 2019թ. հուլիսի համեմատ, գործարքները նվազել էին շուրջ 16 տոկոսով, ապա օգոստոսին նվազումը հասել է 27 տոկոսի։ Բնակարանային շուկայում գործարքների անկումը շարունակում է պահպանվել նաև Երևանում։ Օգոստոսին մայրաքաղաքում վաճառվել է ընդամենը 735 բնակարան։ Սա 272-ով պակաս է նախորդ տարվանից»,-հայտնում է թերթը։
Ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները ՔՊ փակ նիստում. Մանրամասներ.
Թերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ՀՀ վարչապետ-կառավարություն-մարզպետ ֆորմատով հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ: Թերթի տեղեկությունների համաձայն՝ հանդիպման գլխավոր թեման եղել է ՀՀ-ի կառավարման խորհրդարանական մոդելից կրկին նախագահական մոդելին անցնելը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները կրկին ցանկանում են վերադառնալ նախագահական մոդելին, քանի որ համարում են՝ խորհրդարանը իրեն չի արդարացնում:
Նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է խոսել այդ անցման մասին ու նշել, որ դա այդքան էլ իրատեսական չէ այս պահին, քանի որ սահմանադրորեն ևս այն իրականացնելը այսօրվա դրությամբ հնարավոր չէ: Թերթի տեղեկություններով՝ իմքայլականները հարց են բարձրացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որին ՀՀ վարչապետը պատասխանել է, որ իրենք որևէ բան չունեն անհանգստանալու, քանի որ ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում:
Թերթի աղբյուրները փոխանցում են նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարց է բարձրացրել այն մասին, որ խորհրդարանի և կառավարության միջև կապը կտրվել է, ու կառավարության ներկայացուցիչները իրենց նամակներին օրերով, շաբաթներով չեն արձագանքում, որին ի պատասխան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, թե դրա փոխարեն ճիշտ կլինի զանգահարել, ներկայացնել խնդիրը, որին իրենք արագ լուծում կտան։
«Ժամանակ» օրաթերթ.
Կծառայեն 2 տարուց ավելի. Զորակոչի և զորացրման ժամկետները
Թերթը հայտնում է, որ Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Ըստ նախագծի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը: Զորացրման նման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի: