Երեկ դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որևէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպե՛ս է խոչընդոտել նախաքննությանը. ասվում է ԲՀԿ քաղխորհրդի տարածած հայտարարության մեջ։
Ըստ ԲՀԿ-ականների՝ տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ «Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է»,- նշված է հայտարարության մեջ։
ԲՀԿ-ում կարծում են՝ իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական «կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ»։
Նշվում է, որ իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ, շինծու իրավական գործընթացների անվան տակ, ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ապաշնորհ իշխանությունը, երկիրը սոցիալական աղետի հասցնելով, ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի և սարսափի մթնոլորտ, ինչը, վստահաբար, չի ստացվելու»,- ասվում է հայտարարության մեջ։
ԲՀԿ-ականները հայտարարում են, որ իրենց համախոհ քաղաքական ուժերի հետ շարունակելու են պայքարը՝ հանուն մեր երկրի և քաղաքացիների այն խնդիրների լուծման, որի ակնկալիքով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ երկուսուկես տարի առաջ փողոցներ էին փակել, և դրանք լուծելու փոխարեն իշխանությունը զբաղված է «երկրում ներքին թշնամիների հարատև փնտրտուքով, քաղաքական հաշվեհարդարներով և բռնապատեություն հաստատելու փորձերով»։
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննելով ԱԱԾ միջնորդությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցի վերաբերյալ, բավարարեց ԱԱԾ միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։