Խմբով երկու անձի խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ, իսկ պաշտոնը չարաշահելու կապակցությամբ՝ Նոր Նորքի բաժնի պետը։ Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում 25.09.2020թ. ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, այն է` խմբով երկու անձի խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ:
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ-ի և Գ. Մ-ի հետ Վ. Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Վ. Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ա. Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով:
Ըստ հաղորդագրության՝ նկարագրված դեպքից հետո Նոր Նորքի բաժնի պետն անհարկի միջամտել է Ա.Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: