Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 7-ին։
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում մտահոգություն հայտնեց, որ ռազմական դրության պայմաններում իր պաշտպանյալին կալանքի տակ են պահում։
«Այսօրվա ռազմական դրության պայմաններում, երբ համայն հայությունը միացել է, համախմբման կոչեր են արվում, խորհրդարանի երկրորդ ուժի խմբակցության ղեկավարին, որը միջազգային լուրջ կապեր ունի այլ կուսակցությունների հետ, կալանավորված է։ Կուսակցության ղեկավարը լուրջ անելիք ունի նաև դատապարտման առումով։ ԱԺ-ում հարցեր են քննարկվում, բայց կուսակցության ղեկավարը չկա։ Հատկապես այսօր հատուկ շահ կա, որ Գագիկ Ծառուկյանը գտնվի կալանքի տակ, իսկ ազատության մեջ գտնվելով խիստ վտանգավոր է։ Ի՞նչ քննություն են անելու այս ռազմական դրության պայմանններում, հիմա կարող են քննություն անե՞լ»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին։
Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ միջնորդությունը մերժվեց։ Այս որոշումը վերաքննիչը էին բողոքարկել երկու կողմերն էլ․ դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին անտյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, որոնցից մեկն էլ այն էր, թե գործը պետք է ՀՔԾ-ում քննվեր։
Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը և ուղարկել նոր քննության։
Հիշեցնենք նաև, որ իսկ հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։
Ի դեպ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը՝ ելնելով նրանից, որ Ադրբեջանի հետ գտնվում ենք ինտենսիվ պատերազմական գործողությունների մեջ։