Ազգային ժողովը քննարկեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
«Ներկայում ծախսման հնարավոր 4 ուղղություններ են սահմանված օրենքով, դրանցից դուրս այլ ուղղություններով այդ գումարները չեն կարող օգտագործվել: Սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիներ ցանկանում են մասնակցել Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության արդյունքում պետական կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ օրենքում կատարվում են լրացումներ, որով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն կընձեռվի սոցփաթեթի գումարներն ուղղել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով Կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց հնարավորություն կտրվի փոխանցումներ կատարել և դրանք են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այս նախագծով ուսուցիչները, պետական աշխատողներն ունեն հնարավորություն սոցփաթեթի գումարը փոխանցել հիմնադրամին և աջակցել բանակին: Նա հույս հայտնեց, որ այս հնարավորությունից կօգտվեն պետական աշխատակիցները և իրենց գումարը կփոխանցեն:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 99 կողմ ձայնով: