Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության քննարկումը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի ժամը 18.00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Ծառուկյանի պաշտպանական թիմը գրավի չափը թողել է դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։
Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։
Հիշեցնենք նաև, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ու 13 կուսակցություններ Ծառուկյանին ազատ արձակելու պահանջով դիմել էին Գլխավոր դատախազին։ Արթուր Դավթյանը, սակայն, մերժել էր առաջարկը։