Երեք պետության ղեկավարներ կամ արտաքին գործերի ոլորտը համակարգողներ ընդունել են սիրիացի վարձկանների առկայությունը ԼՂ հակամարտության գոտում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Ըստ նախարարի՝ այս հանգամանքը կարող է ունենալ տարբեր հետևանքներ։
Անդրադառնալով ահաբեկիչների հարցով միջազգային դատարաններին դիմելու հարցին՝ նախարարը նշեց, որ վարձկանների հավաքագրմանը, ֆինանսավորմանը վերաբերող բազմաթիվ կոնվենցիաներ կան։ Եվ, եթե պարզվի, որ որևէ երկիր, այդ կոնվենցիաներով ունենալով որոշակի պարտավորություններ, պայքարելու ահաբեկչության ֆինանսավորման դեմ, դեռ մի բան էլ ինքն է ֆինանսավորել ահաբեկչությունը կամ զինել վարձկաններին ու տեղափոխել հակամարտության գոտի, բավական լուրջ հետևանքներ կարող է առաջացնել։
«Հեղինակավոր դատարանները կմիջամտեն, եթե լինեն մարդու իրավունքի խախտման դեպքեր ։ Այս ամենը ոչ միայն կարող է հիմք հանդիսանալ, այլ՝ ձեռք բերված ապացույցները կարող են ներկայացվել հետագա իրավական գործընթացներին»,- նկատեց Բադասյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված ահաբեկչական խմբավորման 2 անդամ է ձերբակալվել։