Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ու դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ:
Բացի այդ, նույն օրը զանգվածային անկարգությունների մասնակիցները բռնություն են գործադրել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, ինչպես նաև նույն նպատակով բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և վարչապետի նկատմամբ:
Այս առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ և արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հայտնաբերվել և ձերբակալվել են ընդհանուր թվով շուրջ 20 անձինք: