Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը քննող դատական նիստը։
Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Աշոտ Մինասյանին ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել: Նրա խոսքով՝ տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է:
«Գտնվում էի ԱԱԾ-ում, պարոն Մինասյանին առաջադրանք էին առաջադրում։ Ամեն կերպ փորձում էին, որ ես հնարավորություն չունենայի այս նիստին ներկա գտնվելու, և նիստը հետաձգվեր։ Սա հնարքներից մեկն է՝ փորձել են ամեն ինչ անել, որ ձերբակալման հետ զուգահեռ քննվի կալանավորման հարցը: Երբ քննչական մարմինը ստիպված է լինում նման «հնարքների» դիմել, դա խոսում է միայն քաղաքական գործընթացների մասին»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:
Արթուր Վանեցյանը, Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Մինասյանն այս գործով ձերբակալվել են: Գործով անցնող այլ անձինք էլ կան: