Նախօրեին լրատվամիջոցներով Երևանի Ազատության հրապարակում կայացած հավաքի հեռարձակման ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից Գեղամ Մանուկյանը հավաքի մասնակիցներին ուղղված իր ելույթում ասել էր, թե քրեական գործով անցնող բոլոր անձանց հանրահավաքի ժամին կանչել են ՀՔԾ, և իբրև այնտեղ քննիչները նրանց ասել են. «Բան էլ չունենք ձեզ հարցնելու, մի ժամ պետք ա մնաք, որ միտինգի չգնաք»: Այս մասին գրում է ՀՔԾ-ն:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Գ. Մանուկյանի նշած օրը՝ 13.11.2020թ.-ին, ինչպես վերջինս, այնպես էլ մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով հրավիրվել են հարցաքննության:
Ի դեպ, որոշ լրատվամիջոցների ևս կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական սադրանքների դիմելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց: Մասնավորապես` 16.11.2020թ.-ին «Hayeli.am» լրատվական կայքով «ՀՀ տարբեր իրավապահ մարմինների 13 քննիչներ հրաժարական են տվել» վերտառությամբ և ՀՀ ՀՔԾ քննչական կազմի լուսանկարով լուրի տարածումն ուներ ընդամենը դիտելիություն ապահովելու և այդ կերպ նշված լրատվամիջոցի ցանկությունը որպես իրականություն ներկայացնելու նպատակ:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ հանրությանը հորդորում ենք չհավատալ մանիպուլյատիվ բնույթի և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկությունների: