Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային առցանց համաժողովին: Այս մասին հայտնել է ՄԻՊ-ը:
Ամենամյա այս կարևոր միջոցառումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կողմից։ Եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների երրորդ միջազգային համաժողովին մասնակցել են նաև այլ երկրներից օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Արման Թաթոյանն իր ելույթում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ պատերազմի սկզբնական օրերից սկսած մշտական կապի մեջ են եղել, քննարկել են ստեղծված իրավիճակը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Մոսկվայում կազմակերպվող ամենամյա միջազգային համաժողովը համարել է արդյունավետ համագործակցության առաջատար օրինակ, որը կարևոր հարթակ է մարդու իրավունքների պաշտպանության, այդ հարցում փորձի փոխանակման տեսանկյունից:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ:
Պաշտպանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ակտիվորեն ներգրավված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված հարձակումների ընթացքում հայ գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին և, որ այդ հարցով մշտական կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՀՀ պետական մարմինների հետ: